Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ԶՐԿԱՆՔԻ ՄԱՍԻՆ

ԶՐԿԱՆՔԻ ՄԱՍԻՆ
23.03.2012 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Երբ դարձա ութ տարեկան, տատս Նոր տարվա առթիվ ինձ նվիրեց մի գեղեցիկ կապույտ տետր և ասաց. «Վերցրու այս տետրը և գրիր այնտեղ այն ամենը, ինչը քեզ կթվա խելացի և բարի, իսկ մեզնից յուրաքանչյուրը թող գրի քեզ համար որևէ հիշատակի խոսք»։ Ինչպիսի՜ հիասթափություն։ Իսկ ես այնքան էի ուզում անագե զինվորիկներ ունենալ, որ նույնիսկ երազումս էի տեսնում։ Եվ հանկարծ` տետր։ Ինչպիսի՜ տաղտկություն։ Պապիկս վերցրեց տետրն ու առաջին էջի վրա գրեց. «Եթե երջանկություն ես ցանկանում, մի՛ մտածիր զրկանքների մասին, սովորի՛ր քչով բավարարվել»։ Իհարկե, հեշտ է ասել. «Մի՛ մտածիր»։ Իսկ ես այնքան էի վիրավորվել, որ արցունքներս էի կուլ տալիս։ Եվ ստիպված էի հաշտվել։
Այն ժամանակ ես չէի նկատել, թե ինչքան էր ինձ խոցել պապիս տված ձանձրալի խորհուրդը։ Սկզբում ես լսել անգամ չէի ցանկանում այդ մասին։ Այն պարզապես ծաղր էր` ուղղված ինձ և իմ զինվորիկներին։ Բայց ավելի ուշ, շատ տարիներ անց, ես այնքան զրկանքներ կրեցի կյանքում... ՈՒ միշտ, երբ ինչ-որ բան խիստ չէր հերիքում, ես մտածում էի տետրիս ու պապիս ասած խոսքի մասին։ Ես հիմա էլ կոչում եմ դա «երջանկության կանոն» կամ «անագե զինվորի օրենք»։ Թվում է, թե այստեղ խառնված է նաև Անդերսենի հեքիաթը` անսասան անագե զինվորիկի մասին. ի՛նչ քաջ տղա էր նա` առանց աչք թարթելու անցավ և՛ կրակի, և՛ ջրի միջով։
Իսկ հիմա այդ օրենքն ինձ թվում է կենսիմաստության արտահայտություն։ Կյանքը պայքար է, ուր մենք պետք է հաղթենք, իսկ հաղթող է դառնում նա, ով իրականացնում է բարին և արդարը։ Անկասկած, այստեղ հանդիպում են գայթակղություններ և վտանգներ, և յուրաքանչյուր վտանգ, ըստ էության, սպառնալիք է։ Դրանք բոլորը սպառնում են զրկանքներով։ Որովհետև, այսպես կոչված, «նվաստացումները» նույնպես զրկանքներ են անկախության, ուրիշների կողմից ընդունվելու և հաջողության հասնելու հարցերում. այդ զրկանքները լինում են, իհարկե, ամենատհաճը։ Չես կարող հաշտվել քո նկատմամբ արժանապատվության և հարգանքի կորստի հետ, բայց չի կարելի սրտին մոտ ընդունել ուրիշների հաջողության բացակայությունը, ինչպես նաև անվանարկումն ու զրպարտությունը։ Մենք պետք է կարողանանք գոհանալ առանց «հաջողության», առանց «մեծարանքի» և առանց, այսպես կոչված, «փառքի»։
Եվ եթե ես երկյուղեմ այսպիսի և նմանատիպ զրկանքներից, ապա ստիպված կլինեմ հրաժարվելու գլխավոր, իրական հաջողությունից` կյանքում, և հաղթանակից` կյանքի համար պայքարում։ Իսկ, այ, եթե ցանկանում եմ հաղթել, ապա պարտավոր եմ արհամարհել զրկանքներն ու սպառնալիքները։ Այն, ինչը երբեմն կոչում են «ամուր ջղեր», ոչ այլ ինչ է, եթե ոչ անսասան վերաբերմունք հնարավոր կամ արդեն եղած զրկանքների նկատմամբ։ Այն, ինչն ինձ սպառնում է, ընդ որում, միայն սպառնում և չի կատարվում, յուրատեսակ զրկանք է` զրկանք ուտելիքի, խմիչքի, զգեստի, ջերմության, հարմարավետության, առողջության և այլնի։ Եվ ահա մարդը, որն իր առաջ լուրջ կենսական խնդիր է դրել, ունի մեծ նպատակ և ցանկանում է իրական հաջողություն ու հաղթանակ, պետք է չվախենա զրկանքներից. քաջությունը զրկանքների և սպառնալիքների դեմ արդեն հաղթանակի կեսն է կամ էլ բռնել է «հաղթական քննություն»։ Նա, ով դողում է իր հարմարության և հաճույքների համար, ցույց է տալիս թշնամուն իր «աքիլլեսյան գարշապարը», ապա շուտով կվիրավորվի հենց այդտեղից. նա կխոցվի, կուժասպառվի և կստրկացվի։ Նրան սպասում է կատարյալ տապալում։
Ամբողջ կյանքում մեզ սպառնում են զրկանքները, անհանգստացնում են մտքերն ու հոգսերը կորուստների, ստորացումների և աղքատության մասին։ Սակայն հենց դա էլ համարվում է կյանքի դպրոց. դրա մեջ է հաջողություն ձեռք բերելու գրավականը։ Այն, ինչը պահանջում է մեզնից այդ դպրոցը, սպառնալիքների և զրկանքների հոգևոր հաղթահարումն է։ Հեշտ տանել հոգսերը և բավարարվել քչով. ահա կյանքի արվեստի գլխավոր հատկանիշներից մեկը։ Ոչ մի կորուստ, զրկանք չպետք է մեզ հոգեկան հավասարակշռությունից հանեն։ «Չի՞ հերիքում»։ «Թո՛ղ չհերիքի։ Կդիմանամ»։ Չի՛ կարելի կորցնել սրբազանն ու էականը կյանքում, չի՛ կարելի հրաժարվել գլխավորից, ինչի համար մենք պայքարում ենք։ Իսկ յուրաքանչյուր անկարևոր, առօրեական, չնչին մանրուք չպետք է մեզ կուրացնի, կապկպի, ուժասպառ անի և ստրկացնի։
Զրկանքներին դիմանալու արվեստը մարդուց պահանջում է երկու պայման։
Առաջին` նա պետք է ունենա կյանքում ինչ-որ բարձրագույն, ամեն ինչ որոշող արժեք, որը նա սիրում է ամենից շատ, և որը, իրոք, արժանի է այդ սիրուն։ Դա հենց այն է, ինչով նա ապրում է և ինչի համար պայքարում է, ինչը լուսավորում է նրա կյանքը, ուղղություն է տալիս նրան ստեղծագործելու, որի առաջ ամեն բան նսեմանում ու անցնում է հետին պլան։
Դա սիրո սրբազան և սրբացնող արևն է, որի առջև զրկանքները տանջալից չեն, իսկ սպառնալիքներն էլ` սոսկալի։ Հենց այդպիսին է բոլոր հերոսների, հավատացյալների, խոստովանողների և մարտիրոսների ուղին։
Եվ երկրորդ` մարդը պետք է կարողանա կենտրոնացնել սեփական ուշադրությունը, սերը, կամքը և երևակայությունը ոչ թե այն բանի վրա, ինչը չի հերիքում, ինչից նա «զրկված է», այլ այն բանի, ինչը նրան տրված է։ Ով շարունակ մտածում է իր կարիքների մասին, նա միշտ կլինի սոված, նախանձոտ, ատելությամբ լի։ Անվերջ մտքերը կորուստների մասին կարող են խելագարեցնել մարդուն կամ տանել գերեզման։ Հնարավոր զրկանքների պատճառով անընդհատ դողալը ստորացնում է մարդուն և դրդում ստրկության։ Եվ ընդհակառակը, նա, ով կարողանում է գոհանալ սիրով և իրեն տրվածով, կգտնի ամեն մի մանրուքի մեջ նոր խորքեր և կյանքի գեղեցկությունը, կարծես ինչ-որ դուռ նրան տանում է դեպի հոգևոր տարածքներ կամ նվիրական Աստծո պարտեզը, մի ջրհոր, որն առատորեն ջուր է տալիս գոյության խորքից։ Այդպիսի մարդու համար բավական է մի հասարակ ծաղիկ, որ նա դիպչի Աստծո անդորրին և զմայլված երկրպագի նրան։ Նա, ինչպես Սպինոզան, բավական է զննի հասարակ սարդի կյանքը, որ ըմբռնի բնության օրինաչափությունը, նրան, ինչպես Դիոգենեսին, հարկավոր է արևի մի պարզ շող, որ ճանաչի ակնհայտությունը և խորանա նրա ընկալման մեջ։ Մի օր աշակերտները հարցրին Անտոնի Մեծին, թե ինչպես է նա տեսնում Տեր Աստծուն, նա պատասխանեց նրանց մոտավորապես այսպես. «Լուսաբացին, երբ դուրս եմ գալիս անապատ, ես տեսնում եմ, թե ինչպես է բարձրանում արևը, լսում եմ, թե ինչպես են երգում թռչունները, մեղմ քամին փչում է իմ դեմքին, և սիրտն իմ տեսնում է Տիրոջն ու երգում ուրախությունից»։ Ի՜նչ հարստություններ ունի աղքատը, եթե նա կարողանում է հարուստ լինել։
Դա նաև նշանակում է, որ զրկանքները ստիպում են մեզ ուշադիր զննել աշխարհը, կարծես մի թաքուն ձայն ասի մեզ. «Այն բանի մեջ, ինչը քեզ տրված է, թաքնված է իսկական հարստությունը. թափանցի՛ր նրա մեջ, տիրի՛ր նրան և բավարարվիր առանց այն ամենի, ինչը քեզ տրված չէ, քանզի դա քեզ պետք չէ»։ Աշխարհի բոլոր առարկաներում կա խորություն։ Եվ այդ խորության մեջ թաքնված է մի դուռ, որը տանում է դեպի իմաստություն և երանություն։ Որքա՜ն հաճախ է «հարստության» հետևում թաքնված լինում իրական խղճուկությունը, ողորմելի չնչինությունը, իսկ աղքատությունը կարող է դառնալ իսկական հարստություն, եթե մարդը հոգեպես տիրի սեփական վիճակին։
Այդ պատճառով մարդուն անհրաժեշտ են զրկանքները, որոնք կարող են բերել նրան իսկական հարստություն, ինչը նա ուրիշ ձևով չի ըմբռնի։ Զրկանքները կոփում են բնավորությունը, դաստիարակում են մարդուն հաղթելու համար և խոստանում են բացել նրա առջև դեպի իմաստություն տանող դռները։
Եվ ես չեմ տրտնջում զրկանքներից ու կորուստներից, որոնք բաժին ընկան ինձ կյանքիս ընթացքում։ Սակայն իմ կապույտ տետրը, որն ինձ սովորեցրեց «անագե զինվորիկի օրենքը», հիշում եմ երախտագիտությամբ. նա խլեց ինձնից ինչ-որ ժամանակ փափագելի խաղալիքը, սակայն բացեց իմ առջև դեպի իսկական հարստություն տանող ճանապարհը։ Եվ այդ հարստությունից ես երբեք չէի ցանկանա զրկվել...
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ